Ռոբերտ Քոչարյանը. Եվրոպայի երկակի ստանդարտները և ընտրությունների արդյունքները

Հարցազրույցում ես նշել եմ, որ Եվրոպայի երկրները, եթե նման ընտրություններ տեղի ունենային նախկինում, առնվազն պրոբլեմային կդիտարկեին։ Սակայն, քանի որ նրանք գործում են երկակի ստանդարտներով, աչք են փակում աննախադեպ ընտրական խախտումների վրա։

Իրական պատկերը այսօր այն է, որ Եվրոպան քննադատում է այս կամ այն արարքը՝ ելնելով միայն այն հանգամանքից, թե ով է դրա կատարողը՝ «իրենց մարդն է» թե ոչ։ Սա մեծ պատասխանատվություն է նաև ԵՄ երկրների և Եվրոբյուրոկրատիայի համար, քանի որ նրանք ուղղակիորեն աջակցում են հերթական բռնապետին, որի փորձը ունեն նաև այլ երկրներում։

Այս ընտրություններում ամենաարտառոցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումն էր, որով ԲՀԿ-ն ուղղակի չանցավ խորհրդարան։ ԿԸՀ նախագահը հաջորդ օրը փորձում էր հիմնավորել իր որոշումը՝ պնդելով, որ վերաքվեարկությունը «կոպիտ ասած՝ լավ բան չի»։ Սա սխալ մոտեցում է։ ԿԸՀ-ի պարտականությունն է օրենքը կատարելը, ոչ թե այն մեկնաբանելը և սենց յուրահատուկ մեկնաբանությամբ օրենքը խախտելը։ ԿԸՀ նախագահը և հանձնաժողովի բոլոր անդամները կատարել են այդ հանցագործությունը, սակայն ժամանակը, որ գա, ցուցմունք են տալու իրենց վրա եղած ճնշումների մասին։ Սա խոստովանություն է հանցագործության մասին, և եթե իսկապես գոյություն ունի դատախազություն, դրանով պետք է զբաղվի։

Ես չէի պատկերացնում, որ կլինեն նման բռնաճնշումներ, այս աստիճանի ազդեցություն բյուջետային համակարգի վրա, այս քանակի կալանավորումներ և քրեական գործեր։ Իմ համոզմամբ, նման ընտրական խախտումների կեսն անգամ չի եղել այլ ընտրությունների ժամանակ։

Ես նաև ընդգծել եմ, որ չկա մի լծակ, որը գործադիր իշխանությունը կարող էր օգտագործել և չի օգտագործել։