Հայաստանում «Վիվա Արմենիա» կապի օպերատորը մոտակա օրերին կավարտի «GNC Alfa» հեռահաղորդակցական ընկերության ձեռքբերման գործարքը։ Այս մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով գերատեսչության 2025 թվականի հաշվետվությունը։
Նա պարզաբանեց, որ գործարքի կնքման համար պահանջվում էր հանձնաժողովի հավանությունը, քանի որ երկու ընկերություններն էլ զբաղեցնում են երկրի հեռահաղորդակցության ծառայությունների շուկայի զգալի մասնաբաժինը։ Նման դեպքերում կարգավորող մարմինը պարտավոր է գնահատել կենտրոնացման հնարավոր ազդեցությունը մրցակցության մակարդակի վրա։
«Հանձնաժողովը համաձայնություն է տվել այդ գործարքին։ Մեր տեղեկություններով, այն կավարտվի առաջիկա օրերին, որից հետո նախատեսվում է իրականացնել տվյալների կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիր», – ասաց Գևորգյանը։
«GNC Alfa»-ն Հայաստանում մայրուղային ինտերնետ-մալուխներից մեկի սեփականատերն է։ Ընկերությունը հետագայում սկսել է լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցել օգտագործողներին։ 2012 թվականին ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունը, իսկ 2022 թվականից հետո շարունակել է աշխատել «OVIO» ապրանքանիշի ներքո։
«Վիվա Արմենիա» ընկերությունը նախկինում եղել է ռուսական ՄՏՍ խմբի կազմում։ 2024 թվականի հունվարին ՄՏՍ-ը իր մասնաբաժինը վաճառել է Կիպրոսում գրանցված «Fedilco Group Limited» ընկերությանը։ Գործարքի ավարտից հետո նոր սեփականատերերը Հայաստանի կառավարությանը անհատույց հանձնել է օպերատորի բաժնետոմսերի 20 %-ը։