ՀԱՊԿ-ի ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի հետագա անդամակցության հարցը։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ, կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
«ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շարունակման հարցը կլինի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում և քննարկման առարկա կդառնա», – ասել է նա՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում։
Վասիլևը նաև նշել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի Հայաստանի հետ կապված ծրագրերը, իրենց հերթին, սպառնում են սրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը, սակայն ՀԱՊԿ-ն այդ իրավիճակը վերահսկողության տակ է պահում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին հայտարարել էր, որ Հայաստանի կողմից անդամավճարը չվճարելու պատճառով ՀԱՊԿ-ն կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածը, որով կարգավորվում են իր պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ գործողությունները։
ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունները երկու տարվա ընթացքում չեն մարում կազմակերպության նկատմամբ բյուջետային պարտքերը, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության քաղաքացիների՝ կազմակերպության շրջանակում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը և նրանց զրկել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից։
Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, խորհրդի և այլ մարմինների ընդունած որոշումները, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել նրան։ Այդպիսի անդամ պետության վերաբերյալ որոշումները կայացվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին արդեն չէր բացառել Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀՀ ԱԳՆ-ն մայիսի 8-ին հայտնել էր, որ երկիրը չի մասնակցի կազմակերպության ֆինանսավորմանը։
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին, քանի որ կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքել էր Փաշինյանի հայտարարությանը՝ պնդելով, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը՝ կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։