Հայաստանի և Թուրքիայի գործարար շրջանակները հանդիպել են Կարս քաղաքում՝ քննարկելու տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Հանդիպումը կայացել է Կարսի Առևտրի և արդյունաբերության պալատի (KATSO) նախաձեռնությամբ՝ աջակցությամբ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների, ինչպես նաև Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության (TOBB)-ի։
Հանդիպման ընթացքում կողմերը փակ ձևաչափով B2B բանակցություններ են անցկացրել սննդի արդյունաբերության, տեքստիլի, շինարարության, զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտներին առնչվող հարցերի շուրջ։
ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Հայկ Դարբինյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ստեղծում է նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության համար։
Հանդիպմանը ներկայացված տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը շեշտել է Կարսի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Քադիր Բոզանը՝ հույս հայտնելով, որ յուրաքանչյուր հանդիպում կհանգեցնի նոր ներդրումների և բարեկամական կապերի ձևավորման։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից։ 2021 թվականի դեկտեմբերին երկու երկրները հայտարարեցին հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին՝ նշանակելով հատուկ ներկայացուցիչներ։ 2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն էր ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու և բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։