Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդմամբ՝ հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի շենքի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը հաջողությամբ մեկնարկել է։
Այս տարվա սկզբին ավարտվել էին առաջին փուլի աշխատանքները, որոնց շնորհիվ վերանորոգվել էին հուշակոթողի տասներկու մույթերից երեքը և թանգարան-ինստիտուտի վարչական մասնաշենքի տանիքը։ Բացի այդ, իրականացվել էին նաև հուշահամալիրին հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքներ։ Կառուցվել են նոր ջրամբար և պոմպակայան, որոնք հնարավորություն են տալիս գործարկել ժամանակակից կաթիլային ոռոգման համակարգ։
Հիմնանորոգման երկրորդ փուլի շրջանակում վերանորոգվելու են հուշարձանի հաջորդ երեք մույթերը։ Ըստ նախատեսված ծրագրի՝ այնուհետև փուլ առ փուլ վերանորոգվելու են մնացած բոլոր մույթերը, ինչպես նաև թանգարան-ինստիտուտի տանիքի մնացած մասը։
Հիմնանորոգման աշխատանքների ողջ ընթացքում թանգարանը և հուշահամալիրը կշարունակեն գործել բնականոն ռեժիմով՝ բաց լինելով այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար։
Հիշեցնենք, որ հիմնանորոգման աշխատանքները, որոնց համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել են շուրջ 743 մլն դրամ, մեկնարկել են 2024 թվականի հոկտեմբերի 8-ին։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունը կատարում է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն։ Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը նույնպես հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակն է։