Եվրամիությունը 2.2 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին վիզաների ազատականացման համար

Հայաստանը Եվրամիության կողմից 2.2 միլիոն եվրոյի գումար է ստանում՝ աջակցելու վիզաների ազատականացման գործընթացին։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։

Հունիսի 1-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի մեկնարկի արարողությունը։ Եվրամիության ֆինանսավորումը կուղղվի սահմանների կառավարման համակարգի բարելավմանը, փաստաթղթերի անվտանգության բարձրացմանը և իրավապահ համակարգի բարեփոխումներին։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ սա առաջին ծրագիրն է, որն ուղղակիորեն աջակցում է վիզաների ազատականացման գործընթացին։ Նրա խոսքով՝ այն կարևոր քայլ է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման, ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորությունների ընդլայնման և մարդկային կապերի ամրապնդման ճանապարհին։

Հիշեցնենք, որ Եվրոպական միության խորհուրդը 2024 թվականի հուլիսի 22-ին հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին։ Նույն թվականի սեպտեմբերի 9-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պաշտոնապես հայտարարեց այդ երկխոսության պաշտոնական մեկնարկի մասին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի մայիսին հայտարարել էր, որ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումն ամենաուշը 2 տարուց կլինի։ Սակայն ընդամենը մեկ տարի առաջ՝ 2025 թվականի ապրիլին, ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հայտնել էր, որ վիզային ռեժիմի ազատականացումը գործնականում իրական կլինի առնվազն 4-5 տարուց հետո։