Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 12 նոր տարրով, որոնք ընդհանուր թիվը հասցրել են 80-ի։ Այս մասին հայտնում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նախարարությունը համարում է այս որոշումը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ կարևոր քայլ, որը հայկական մշակույթի կենսունակությունն ու բազմազանությունը հստակ արտահայտում է։
Նոր հաստատված արժեքները ներառում են տարբեր ոլորտներից ժառանգություն՝ ժողովրդական գիտելիքներ, խոհարարական ավանդույթներ, տեղական ուտեստներ, ծեսեր և ավանդական խաղեր։
Նոր հաստատված արժեքների ցանկը՝ ըստ ոլորտների․
Ժողովրդական գիտելիքներ և երգարվեստ․
«Լուսատուների հետ կապված եղանակի կանխատեսման ժողովրդական գիտելիքներ»։
«Օրորոցային երգերը ՀՀ Շիրակի մարզի համայնքներում»։
«Թաք ծաղկեցավ» երգը։
Խոհարարական և արհեստագործական ավանդույթներ․
«Գաթանախշի պատրաստման և կիրառման ավանդույթը»։
«Խաբ ու խազ (կաթփոխ)»։
«Թմբուկի (դհոլ, գոս՝ մեծ թմբուկ) պատրաստման և կիրառման ավանդույթը»։
Տեղական ավանդական ուտեստներ․
«Կանեփով քուֆթայի պատրաստումը և կիրառումը Մարտունի համայնքում»։
«Ձկով տոլմայի պատրաստումը Սևան համայնքում»։
«Չորթնե տոլմայի պատրաստումը Վարդենիսի համայնքներում»։
Ծեսեր և ավանդական խաղեր․
«Համայնքային փոխօգնության ձևերը Գավառի թաղման ծեսում»։
«Որսորդներ ու բադեր» գնդակախաղն ու «Չիլինկի փետ» ավանդական խաղը Ճամբարակ համայնքում։
Այս նախաձեռնությունը հիմնված է ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1335-Ն որոշման վրա և բխում է Մշակույթի պահպանության ու զարգացման 2023-2027 թվականների պետական ռազմավարությունից։