ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է, որ 2021 թվականի զինված հակամարտության արդյունքում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Շիկահող» պետական արգելոցի սահմանամերձ հատվածներում տեղի ունեցել են «անտառային էկոհամակարգերի որոշակի վնասներ», սակայն հրաժարվում է դիմել իրավապահ մարմիններ՝ հանգամանքները պարզելու և մեղավորներին հայտնաբերելու համար։
Սկանդալային հարցումը սկսվեց այն բանից, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին հայտարարել էր, թե երբևէ չի ստացել տեղեկություն Շիկահողի արգելոցում Ադրբեջանի կողմից իրականացվող անտառահատումների մասին։
Սկզբում, պատասխանելով մեր հարցմանը, նախարարությունը հաստատել էր, որ անտառահատումներ տեղի են ունեցել։ Սակայն, երբ մեր լրատվամիջոցը հրապարակեց այդ փաստը, գերատեսչությունը փոխեց իր դիրքորոշումը՝ պնդելով, թե մենք «խեղաթյուրել ենք փաստերը»։
Այս իրավիճակի պարզաբանման նպատակով մենք նոր հարցում ուղարկեցինք ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը։ Մենք խնդրեցինք հստակ պատասխան՝ «Ադրբեջանը ծառահատում իրականացրե՞լ է, թե՞ ոչ» հարցին, ինչը, ի դեպ, հստակ երևում է արբանյակային լուսանկարներում։ Բացի այդ, մենք պահանջեցինք պարզաբանել, թե ինչ է նշանակում «անտառային էկոհամակարգերին որոշակի վնաս» արտահայտությունը Շիկահողի արգելոցի պարագայում։
Հարցումը ներառում էր նաև այն պահանջը, որ նախարարությունը հստակեցնի, արդյոք իրենք կամ նրանց ենթակա կառույցները, տեղեկություն ունենալով «որոշակի վնասների» մասին, դիմել են իրավապահ մարմիններ՝ վնասների առաջացման հանգամանքները, մեղավորներին պարզելու և քրեաիրավական գնահատական տալու համար։
Հատկանշական է, որ նախարարությունը չի հիշատակել 2022 թվականին տեղի ունեցած ագրեսիան և Ադրբեջանի հետագա գործողությունները, որոնք, ըստ փաստերի, հենց այդ ժամանակ են ավելի ակտիվորեն վնասել անտառային էկոհամակարգերին։
Նախարարության պատասխանը կրկին հակասական էր։ Նրանք պնդում են, որ տեղեկատվության հավաքագրման և հրապարակման աշխատանքները գտնվում են «այլ գերատեսչությունների լիազորությունների տիրույթում»։ Նրանք նաև հայտարարում են, որ «անտառային էկոհամակարգերի վնասների ամբողջական գնահատումը հնարավոր կլինի իրականացնել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներից հետո»։ Ի վերջո, նրանք պնդում են, որ մեր մյուս հարցադրումները «դուրս են շրջակա միջավայրի նախարարության լիազորությունների շրջանակից»։
Այս հարցումը մենք ուղարկել էինք նաև ՀՀ գլխավոր դատախազությանը՝ հարցնելով, արդյոք նախարարությունը կամ նրա ենթակա կառույցները դիմել են դատախազություն՝ վնասների առաջացման պատճառները պարզելու համար։
ՀՀ դատախազությունը պատասխանեց, որ «ՀՀ դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան»։
Այսպիսով, պարզ դարձավ, որ իշխանությունները, թեև հաստատում են անտառահատումների մասին տեղեկությունները, հրաժարվում են դրանք քրեաիրավական գործընթացի ենթարկել՝ փաստացի թույլ տալով Ադրբեջանին անպատժելիորեն վնասել Հայաստանի բնությունը։